ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երկրի վրա գարնան առաջին տևական մագնիսական փոթորիկն է սկսվել։ Այս մասին հայտնել են ՌԴ գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։
«Կեսգիշերից սկսած մոլորակային մագնիսական փոթորիկ է գրանցվում։ Երևույթը կապված է Երկրի մերձակայքում արեգակնային քամու արագության կտրուկ աճի հետ, ինչն իր հերթին առաջացել է Արևի վրա թագային անցքի պատճառով։ Փոթորիկը հազվագյուտ կայունություն ունի. 9 ժամ շարունակ ինդեքսը միևնույն՝ G1.7 մակարդակի վրա է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Այս մակարդակի փոթորիկները կարող են ազդել էներգետիկ համակարգերի և ռադիոալիքների տարածման վրա։ Սա այս ամսվա արդեն երկրորդ մագնիսական փոթորիկն է, բայց առաջին խոշորը։ Ավելի վաղ՝ մարտի 4-ին, կարճատև դրվագ էր գրանցվել, որը գրեթե կապված չէր արեգակնային արտաքին պատճառների հետ։