ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Մոսկվայի հյուսիս-արևմուտքում աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել։ Խաբեբան, որպես իրավապահ ներկայանալով, 16-ամյա աղջկան համոզել է բացել բնակարանի դուռը, որից հետո կոտրել է չհրկիզվող պահարանը և դանակահարել աղջկա մորը։ Այս մասին հայտնում է RT-ն:
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ գործարար կնոջ սպանության մեջ կասկածվում է «Ուրալ 2 Եկատերինբուրգ» ֆուտբոլային ակումբի 20-ամյա ֆուտբոլիստ Դանիիլ Սեկաչը: Նա փորձել է թաքնվել, բայց հայտնաբերվել է Զվենիգորոդսկոյե մայրուղու վրա գտնվող հյուրանոցում (հանցագործության վայրից 14 կմ հեռավորության վրա)։ Աղջիկը չի տուժել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ քննիչները դիտարկում են այն վարկածը, որ կասկածյալը եղել է ուկրաինացի խարդախների ազդեցության տակ։
«Դանիիլ Սեկաչը զբաղվում էր ֆուտբոլով և մեծ հույսեր էր ներշնչում»,– Mash-ին ասել է «Ուրալ 2 Եկատերինբուրգ» ֆուտբոլային ակումբի մարզիչը։
Նրա խոսքով` իրենք չեն հավատում, որ տղան կարող էր նման բան անել։ Բոլորին զարմացրել է նաև այն հանգամանքը, որ Սեկաչը Մոսկվայում է եղել։
RT-ն գրում է, որ կասկածյալի հայրը պարզապես ցնցված է տեղի ունեցածից. որդին պետք է մասնակցեր Եկատերինբուրգում կայանալիք խաղին։