ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը «գուցե մի փոքր օգնում է» Իրանին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ–ն աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային՝ իրավիճակը փոխադարձ որակելով։
«Կարծում եմ՝ նա հնարավոր է մի փոքր օգնում է նրանց։ Իսկ նա հավանաբար կարծում է, որ մենք օգնում ենք Ուկրաինային, այնպես չէ՞»,–ասել է Թրամփը։
Հաղորդավար Բրայան Քիլմիդը նշել է, որ ԱՄՆ–ն իսկապես օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների ֆոնին Ռուսաստանը որևէ օգնության խնդրանք չի ստացել Իսրայելից, այդ թվում՝ զենքի հետ կապված։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը նախորդ շաբաթ հայտնել էր, որ անձամբ է խնդրել ռուսական կողմին հետախուզական տվյալներ չփոխանցել Թեհրանին։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի մեկնաբանում հետախուզական տվյալների փոխանցման հետ կապավծ հաղորդագրությունները։
Մարտի 10-ին Ուիտկոֆը CNBC News-ի եթերում նշել էր, որ մարտի 9-ին ԱՄՆ նախագահի հետ զրույցի ժամանակ «ռուսներն ասել են, որ հետախուզական տվյալներով չեն կիսվել»։ Այդ ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև հեռախոսազրույց տեղի ունեցավ։ Այն, որ Ռուսաստանը հետախուզական տվյալներով չի կիսվում Իրանի հետ, հաստատել է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պարզաբանել է հատուկ բանագնացը։
«Այո, մենք ևս օգնում ենք նրանց (Ուկրաինային)։ Եվ դրա համար է նա այդպես ասում, Չինաստան ևս նույնը կասեր, գիտեք։ Դա նման է նրան, որ նրանք դա անում են, և մենք էլ ենք դա անում՝ արդարացի է», – պատասխանել է ԱՄՆ նախագահը։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: