Միջամտում են քաղաքական պրոցեսին․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման մասին

Նշենք, որ այժմ դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 1 ամսով երկարաձգելու միջնորդությունն ուղիղ միջամտություն է քաղաքական գործընթացներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ նիստը մեկնարկել է 12։00-ից, այժմ ընդմիջում է հայտարարվել, կշարունակվի 20։00-ից։ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կարապետյանի՝ որպես խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։
«Ակնհայտ է, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, քանի որ այն պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ։ Այս միջնորդությունը վերաբերում է ՀՀ-ում քաղաքական գործընթացներին։ Այն ժամկետը, որով միջնորդվում է երկարաձգել միջնորդությունը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին։ Միջնորդել են 1 ամսով երկարաձգել տնային կալանքը»,- նշեց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ հիմքերը և հիմնավորումները նույն են, երբ ներկայացվում էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Շեշտեց՝ նույն բառերն են, ուղղակի վերջում օգտագործվում է «տնային կալանք» բառը։
Վարդևանյանն ընդգծեց՝ սա ասում է, որպեսզի հանրությունը պատկերացնի՝ 7 ամիս տևած կալանքը և 2 ամիս տևած տնային կալանքը անհրաժեշտ ոչ մի հիմնավորում չունեն։ Ըստ փաստաբանի՝ նման ինտենսիվության խափանման միջոց չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։
Նա շեշտեց, որ քրեական վարույթը կարող է առավելագույնը 10 ամիս տևել։ Փաստաբանը հիշեցրեց, որ «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» արտահայտությունը որակվել էր որպես իշախությունը բռնությամբ զավթելու կոչ, այդ գործը 5 ամիս կարող էր տևել։ Ըստ նրա՝ այդ պատճառով էլ ավելացվել է տնտեսական բնույթի մեղադրանքները, որպեսզի կալանքը հնարավորինս երկարաձգվի։
Վարդևանյանը մի կանխատեսում էլ արեց, որ 10 ամիսն էլ կարող է առավելագույն ժամկետ չլինել, քանի որ կարող են 2 մասով կասեցնել քրեական վարույթի ժամկետը, դրանով էլ արհեստական ձգձգեն այն։