Խամենեիի մահից հետո Իրանում դոմինոյի էֆեկտի մասին ամերիկյան հույսերն անհեթեթ էին․ Կառլսոն

Իշխանափոխության համար, ինչպես արդեն ակնհայտ է, ցամաքային զորքեր են պետք, սակայն, ըստ Կառլսոնի, ԱՄՆ-ում ոչ ոք ցամաքային գործողություն չի ուզում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո դոմինոյի էֆեկտի վերաբերյալ ամերիկյան հույսերն անհեթեթ էին։ Այս մասին հայտարարել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը:
Նրա խոսքով՝ ներկայիս հակամարտությունում Իրանի հաղթանակի շեմը շատ ցածր է. երկիրը պետք է պարզապես գոյատևի, իսկ վարչակարգը պետք է անձեռնմխելի մնա:
«Հիմա գրեթե բոլորը համաձայն են, որ վարչակարգի փոփոխության համար կպահանջվեն ցամաքային զորքեր՝ ամերիկյան ներկայություն «գետնին»: Իսկ այս վարչակազմը նման բան անելու փոքրագույն ցանկություն անգամ չունի, էլ չենք խոսում ամբողջ երկրի մասին»,- նշել է Կառլսոնը:
Ըստ նրա՝ Իսրայելն ակնհայտորեն կցանկանար, որ ԱՄՆ-ն գործի դներ ցամաքային զորքերը, բայց Վաշինգտոնին նման քայլի դրդելու համար շատ լուրջ պատճառ է պետք։ Հավանաբար կպահանջվեր որևէ ահաբեկչություն Միացյալ Նահանգներում՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նման: Բայց դա դեռ տեղի չի ունեցել, և մարդիկ հույս ունեն, որ երբեք էլ տեղի չի ունենա:
«Այնպես որ այս պահին մենք չենք պատրաստվում ցամաքային զորքեր մտցնել: Եթե Իրանի աճող միջուկային ծրագիրն իրոք սպառնալիք լիներ մեր ազգային անվտանգության հիմնային շահերի համար, ապա, իհարկե, մենք ցամաքային զորք կմտցնեինք, քանի որ ազգային անվտանգության հիմնային շահերի համար ցանկացած լուրջ սպառնալիք արժանի է զորքերի ներգրավման»,- նշում է Կառլսոնը:
Բայց նման սպառնալիք, նրա խոսքով, Վաշինգտոնում չեն տեսել: Որոշում կայացնողներին կա՛մ սխալ տեղեկություն են տրամադրել, կա՛մ նրանք ինչ-որ պատճառով հավատացել են, թե ԱՄՆ-ն կարող է վարչակարգի փոփոխության հասնել օդից, քանի որ «Իրանը նախահեղափոխական փուլում էր»:
«Մեզ ընդամենը պետք էր տապալել գլխավոր ֆիգուրին, և այդ ժամանակ, ինչպես դոմինոյի էֆեկտի դեպքում, շղթայական ռեակցիա կսկսվեր, որը Թեհրանում կհաստատեր արևմտամետ կառավարություն: Սա էր փաստարկը: Հետադարձ հայացք նետելիս նման փաստարկները միշտ անհեթեթ են թվում: Իրո՞ք: Դուք իսկապե՞ս այդպես էիք կարծում: Դե, ըստ ամենայնի, մենք իրոք այդպես էինք կարծում: Բայց անցել է գրեթե երկու շաբաթ, իսկ դա տեղի չի ունեցել: Ի դեպ, դա հիանալի ելք կլիներ, քանի որ վերջ կդներ պատերազմին»,- ասել է Կառլսոնը:
Ավելի վաղ Կառլսոնը ԱՄՆ իշխանություններին քննադատել էր Իրանում աղջիկների դպրոցին հասցրած հարվածի համար, որի զոհ էին դարձել 170 երեխա և մանկավարժ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: