ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովը, որը պետք է անցկացվեր Ինդոնեզիայում ապրիլին, հետաձգվել է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ինդոնեզիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ երկու օր առաջ Ջակարտան նույնպես տեղեկություն է ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի հետաձգման մասին, որը պետք է կայանար ապրիլի 9-10-ը Բաղդադում (Իրաք)։
«Միջոցառումների հետաձգումը ներկայիս միջազգային համատեքստում նորմալ և միանգամայն բնական իրավիճակ է»,-հավելել է դիվանագետը։
«Իսլամական ութնյակը» միջազգային կազմակերպություն է, որն ուղղված է Բանգլադեշի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ինդոնեզիայի, Իրանի, Մալայզիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև համագործակցության զարգացմանը։