ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իրանը կապի մեջ է Հայաստանի իշխանությունների հետ և ստացել է բազմաթիվ աջակցություններ ինչպես մարդասիրական, այնպես էլ քաղաքացիների փոխադրման հարցում։ Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` այս մասին հայտնեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Մենք Հայաստանի իշխանությունների հետ կապի մեջ ենք նաև քաղաքական ոլորտին առնչվող հարցերով, ներկայացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը այս ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իրանի ինքնապաշտպանության մասով»,– ասաց Շիրղոլամին։
Հարցին, թե Իրանից Հայաստան փախստականների հոսքի սպառնալիք կա, դեսպանը պատասխանեց` նման բան գոյություն չունի։
«Սահմանային անցակետերը շատ նորմալ աշխատում են։ Խնդիրն այն է, որ Իրանից թռիչքներ չեն իրականանում, ուստի կան քաղաքացիներ, որոնք գալիս են Հայաստան և Հայաստանի միջոցով մեկնում են այն երկրներ, որոնք պետք է գնան»,– ասաց դեսպանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: