«Չարենց-Նամե» պոեմը թարգմանվել է պարսկերեն. Կապույտ մզկիթում նշվեց բանաստեղծի 129–ամյակը

Հայաստանում Իրանի դեսպանի խոսքով` հայ–իրանական մշակութային փոխանակումները պետք է լինեն շարունակական, և Իրանի ժողովուրդը պետք է ճանաչի հայ գրողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Այսօր Երևանի Կապույտ մզկիթում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 129-ամյակը։ Բանաստեղծի ծննդյան առթիվ նրա «Չարենց-Նամե» պոեմը թարգմանվել է պարսկերեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Կապույտ մզկիթում նշվեց Եղիշե Չարենցի 129–ամյակը
«Մենք հայ մեծ բանաստեղծի ազատատենչ ստեղծագործությունները համարում ենք մեր երկու երկրների ժողովուրդների ընդհանուր մշակութային ժառանգություն։ Այսօր այստեղ կայանալու է Չարենցի «Չարենց-Նամե» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը»,–ասաց Շիրղոլամին։
Նրա խոսքով` իրենց օրակարգում ունեն հայ դասականների ստեղծագործությունները պարսկերեն թարգմանելու ծրագիր։ Դեսպանը վստահ է, որ այսպիսի մշակութային փոխանակումները պետք է լինեն շարունակական, և Իրանի ժողովուրդը պետք է ճանաչի հայ գրողներին։
«Այսօր մենք Չարենցի ծննդյան օրը նշում ենք Կապույտ մզկիթում, որովհետև մեծ բանաստեղծն ահռելի դերակատարություն է ունեցել այս մզկիթի պահպանման գործում»,–ասաց նա։
1 / 4

Կապույտ մզկիթում նշվեց Եղիշե Չարենցի 129–ամյակը

2 / 4

Կապույտ մզկիթում նշվեց Եղիշե Չարենցի 129–ամյակը

3 / 4

Կապույտ մզկիթում նշվեց Եղիշե Չարենցի 129–ամյակը

4 / 4

Կապույտ մզկիթում նշվեց Եղիշե Չարենցի 129–ամյակը

Նշենք, որ «Չարենց-Նամե» պոեմը Չարենցը գրել է Արևելքի մեծ բանաստեղծ Աբդուլ-Կասիմ Ֆիրդուսու «Շահ-Նամե»-ի օրինակով, որտեղ հաջորդաբար պատկերված են Իրանի թագավորների կյանքն ու գործը: Նշենք, որ պոեմում գրված «Ես ծնվել եմ Մակու քաղաքում» տողը չի համապատասխանում իրականությանը, որովհետև Մակուն Չարենցի ծնողների ծննդավայրն է, իսկ Չարենցը ծնվել է Կարսում:
Կապույտ մզկիթը Երևանում կառուցված ութ մզկիթներից միակ պահպանվածն է։ Մզկիթը կառուցվել է 1760 թվականին պարսկական տիրապետության ժամանակ ` Երևանի խանության կուսակալ Սարդար Հուսեին խանի հրամանով: 20-րդ դարի 20-ական թվականներին, երբ սկսեցին քանդել բոլոր կրոնական կառույցները, այդ թվում եկեղեցիները և մզկիթները, Եղիշե Չարենցի և մի շարք մտավորականների ջանքերով փրկվեց Կապույտ մզկիթը ավերումից՝ վերածվելով Երևանի պատմության և բնության թանգարանի։ Անկախությունից հետո մզկիթը հանձնվել է Իրանի կառավարությանը, որն այստեղ բացել է իրանական մշակույթի կենտրոն։
Մզկիթը վերակառուցվել է 1994-1998 թվականներին, իսկ 2006 թվականին վերանորոգվել է գմբեթը: Այսօր մզկիթ են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ։
Բանտախուց համար 21, կամ ինչու էին կալանավորներն ուտելիք տալիս Եղիշե Չարենցին