ԱՄԷ–ն իրանական հակամարտության կարգավորման միջնորդի դերը կստանձնի միայն մեկ պայմանով

ԱՄԷ–ի պետնախարար Նուսեյբեն վստահություն է հայտնել, որ հակամարտությունն ի վերջո կլուծվի դիվանագիտական ​​ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ են դիտարկել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում միջնորդության հնարավորությունը, սակայն դա հնարավոր կլինի միայն ԱՄԷ-ի և Պարսից ծոցի այլ արաբական երկրների վրա հարձակումները դադարեցնելուց հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի պետնախարար Լանա Նուսեյբեն, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով Reuters-ին։
«Դժվար է խոսել միջնորդության մասին հարձակման պայմաններում։ Միջնորդի դերը հնարավոր է ստանձնել միայն այն ժամանակ, երբ կրակը դադարի», – նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Միևնույն ժամանակ Նուսեյբեն վստահություն է հայտնել, որ հակամարտությունն ի վերջո կլուծվի դիվանագիտական ​​ճանապարհով։ Նրա խոսքով` դրա համար պետք է «վճռական պահ» լինի, և ինքը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա նպաստել դրան։
Պետնախարարը նաև նշել է, որ էսկալացիայի սկսվելուց երկու շաբաթ առաջ Թեհրան կատարած իր այցի ժամանակ իրանցի պաշտոնական այրերը որևէ ազդանշան չեն տվել ԱՄԷ-ի տարածքին հնարավոր հարվածների մասին։
Նուսեյբեն ընդգծել է, որ Իրանի իշխանությունները չեն զգուշացրել հնարավոր հարվածների մասին, այդ իսկ պատճառով հարձակումները «ցնցող և չափազանց զայրացնող» էին ԱՄԷ-ի համար։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: