ՌԴ–ի օգնությունից հրաժարվելը կարող է կապված լինել Փաշինյանի հաշվարկների հետ. Բադալյան

Հակոբ Բադալյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր արարքի գինը հաշվում է հետևյալ տրամաբանությամբ՝ որտեղ ավելի շատ օգուտ կա իր իշխանական կամ քաղաքական ծրագրերը սպասարկելու տեսանկյունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանի կողմից Ռուսաստանի մարդասիրական օգնությունից հրաժարվելը կարող է կապված լինել ներքաղաքական հաշվարկների և նախընտրական տրամաբանության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
ՌԻԱ Նովոստին այսօր հայտնեց, որ պաշտոնական Երևանը հրաժարվել է ՌԴ–ի կողմից ղարաբաղցիներին հատկացվող մարդասիրական օգնությունից։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի ուշ հաստատեց այս լուրը և կարդաց պաշտոնական Երևանի հիմնավորումը, այն է` հայկական իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում։
Բադալյանի խոսքով` ընդհանուր քաղաքական տրամաբանությունը թույլ է տալիս գնահատել, որ իշխանությունները կարող են նման քայլերով փորձել ուժեղացնել իրենց քարոզչական դիրքավորումը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի հնարավորինս շատ ցուցադրական հակառուսական դիրքավորում ունենալ` ակնկալելով դրա որոշակի էլեկտորալ էֆեկտ, որովհետև ակնհայտ է` նա փորձում է իր քարոզչությունը կառուցել նաև Ռուսաստանից, այսպես կոչված, հիբրիդային հարձակումների թեզը առաջ բերելով։ Այդ թեզը մենք տեսնում ենք, որ ողնաշարային նշանակություն ունի նրա քարոզչական մարտավարության մեջ»,– նշեց նա։
Բադալյանը հավելեց` կապ չունի, որ խոսքը վերաբերում է արցախցիներին. վարչապետը որոշումներ ընդունելիս առաջնորդվում է քաղաքական շահերի հաշվարկով։
«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես գինը հաշվում է հետևյալ տրամաբանությամբ՝ որտեղ ավելի շատ օգուտ կա իր իշխանական կամ քաղաքական ծրագրերը սպասարկելու տեսանկյունից, և այդ հարաբերակցությամբ էլ կայացնում է որոշումները։ Այս հարցում կարող է դեր ունենալ նաև այն հանգամանքը, որ Արցախից տեղահանվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացի չէ, և հետևաբար նրանք մեծամասամբ չունեն քվեարկելու իրավունք»,– նշեց նա։
Միաժամանակ Բադալյանը հիշեցրեց, որ իշխանությունները հայտարարում են՝ Արցախի բնակիչների համար Հայաստանի քաղաքացիություն ստանալը կարող է հետագա ինտեգրման ճանապարհ լինել, սակայն, նրա խոսքով, գործնականում այդ գործընթացը հեշտ չի ընթանում։
«Մի կողմից ասում են, որ արցախցիների ուղին Հայաստանի քաղաքացի դառնալն է, բայց երբ մարդիկ դիմում են քաղաքացիության համար, հայտնվում են անասելի բյուրոկրատական քաշքշուկի մեջ։ Եթե պատկերավոր ասեմ, որևէ օտարերկրացի կարող է շատ ավելի հեշտ ստանալ Հայաստանի քաղաքացիություն, քան ստանում են արցախցի մեր հայրենակիցները»,– ընդգծեց նա։
Վերլուծաբանի կարծիքով` հենց այս քաղաքական հաշվարկներն էլ կարող են ազդել որոշումների վրա. հակառուսական տրամադրություն ավելի արդյունավետ քարոզչական գործիք է իշխող ուժի համար։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Վերջին տվյալների համաձայն` նրանցից շուրջ 30 000–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։
Նշենք, որ արցախցիներին օգնություն էր տրամադրվում «Ռուսական մարդասիրական առաքելություն», «Եվրասիա» կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով։