ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ տեսականորեն ռուսաստանաբանակ հայերի մեծ մասը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ ՀՀ կառավարության նիստից հետո այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց նա` անդրադառնալով «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի գրառմանը։
Իոաննիսյանը գրել էր, որ մայիսի վերջ–հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։
«Իմ համոզմունքն է, և ես դրանում չեմ կասկածում՝ եթե նման իրավիճակ լինի տեսականորեն, ռուսաստանաբանակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին։ Ես այդտեղ որևէ կասկած չունեմ»,– նշեց Փաշինյանը։
Վարչապետն ավելացրեց, որ այս տեղեկությանը նաև իրավական գնահատական պետք է տրվի։
ՀՀ–ում Ազգային ժողովի ընտրությունները նախատեսված են հունիսի 7–ին։