Իրանի նոր առաջնորդի առաջին ուղերձը․ նա հարևաններին կոչ է արել փակել ԱՄՆ-ի բազաները

Նա հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակելու է փակ մնալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել առաջին ուղերձով, որում կոչ է արել հարևաններին փակել իրենց երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները։
Խամենեիի խոսքով՝ Իրանը միշտ ջերմ և կառուցողական հարաբերություններ է պահպանել բոլոր հարևանների հետ, սակայն ԱՄՆ-ն երկար տարիներ այդ երկրներից մի քանիսում ռազմական բազաներ է կառուցել և շարունակում է կառուցել տարածաշրջանում իր գերիշխանությունը հաստատելու համար: Այդ բազաներից մի քանիսն օգտագործվել է Իրանի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, ինչին ի պատասխան Թեհրանը նույնպես հարձակվել է դրանց ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն գրոհել այդ օբյեկտների ուղղությամբ՝ միաժամանակ ձգտելով բարեկամական հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ: Խամենեինին ընդգծել է, որ այս պետությունները պետք է ընդունեն, որ անվտանգության և խաղաղության մասին ամերիկյան հայտարարությունները կեղծիք էին։
Խամենեին շեշտել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա։
Նա հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում որևէ զավթողականության և գերիշխանության տարածաշրջանում, այլ ցանկանում է անկեղծ փոխըմբռնում հարևանների հետ:
Խամենեի խոսքով՝ Իրանը նաև նյութական փոխհատուցում է ակնկալում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում պատճառված վնասի համար:
Նա ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի նահատակների արյան համար վրեժխնդրությունից։ Վրեժը ծրագրվում է ոչ միայն այաթոլլա Ալի Խամենեին սպանելու, այլև յուրաքանչյուր սպանված իրանցու, մասնավորապես՝ Մինաբում անմեղ երեխաների արյան համար։
Իրանի նոր գերագույն առաջնորդը հաստատել է, որ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների հետևանքով մահացել են իր կինն ու քույրը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 175 մարդ, մեծ մասը` աշակերտներ: