Ինչո՞ւ է ՀՀ–ն հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչն ընթերցեց Հայաստանի պատասխանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանը հրաժարվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն», «Եվրասիա» կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով ղարաբաղցիներին հատկացվող աջակցությունից, որը մեկնարկել էր 2025 թվականի հունիս– հուլիսին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումի։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԻԱ Նովոստին ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնական Երևանը հրաժարվել է ՌԴ–ի կողմից ղարաբաղցիներին հատկացվող մարդասիրական օգնությունից։
«Այս ընթացքում օգնություն է ցուցաբերվել հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հեռավոր ու դժվարամատչելի համայնքներում ու գյուղերում գտնվող գրեթե 7 հազար ընտանիքի», - մանրամասնեց Զախարովան:
Նրա խոսքով` Ռուսաստանը նշված տարածաշրջանի մարդկանց երբեք չի թողել առանց աջակցության և օգնության և երբեք անտարբեր չի մնացել Հայաստանում գտնվող ղարաբաղցիների ճակատագրի նկատմամբ:
Զախարովան հիշեցրեց` Մոսկվան առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ուղարկեց Հայաստան, թեև արդեն այն ժամանակ Երևանում այնքան էլ ուրախ չէին ռուսական կողմի աջակցությունից:
«Նունիսկ պաշտոնական խողովակներով հայտարարվում էր` շնորհակալություն, պետք չէ։ Հիմա էլ մերժում են ղարաբաղիների համար նախատեսված աջակցության շարունակումը», - ասաց նա։
Զախարովան նշեց, որ այս ընթացքում մատակարարվել է մոտ 140 տոննա բեռ՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանք և մասնագիտացված մանկական հավաքածուներ։ Նա ընդգծեց, որ հիմնական կարիքների բավարարումը թույլ էր տալիս, որ մարդիկ և Հայաստանի իշխանություններն ավելի շատ կենտրոնանան առավել հրատապ խնդիրների վրա՝ բնակարան, զբաղվածություն և սոցիալական վերաինտեգրում։
Ավելին` որոշ ապրանքներ գնվել են Հայաստանում, ինչը լրացուցիչ խթան է դարձել տեղական արտադրության և փոքր բիզնեսի համար` ստեղծելով հավելյալ կարևոր էֆեկտ։

«Երևանի հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե օգնության կարիք չլիներ։ Այդ դեպքում ակնհայտ է, որ ռուսական կողմն էլ չէր առաջարկի»,- նշեց Զախարովան։

Մինչդեռ քաղաքացիների դիմումների թիվը, նրա խոսքով, աճել է, և այն հիմնավորումը, ըստ որի` մերժվել է հաջորդ խմբաքանակի մատակարարումը, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։
«Հայկական իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում», - ընթերցեց Զախարովան Երևանի պատասխանը` հավելելով, որ ռուսական կողմը փորձել է պարզել, թե ինչ է դա նշանակում, բայց որևէ պարզաբանում չի ստացել։
Նա ընդգծեց, որ քաղաքական ենթատեքստ չունեցող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։