ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik․ Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին շրջանում հնչող հայտարարությունները` հնարավոր արտաքին միջամտության մասին, պետք է ուղեկցվեն հստակ ապացույցներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը և դրան հաջորդած քրեական վարույթին։
Նշենք, որ ավելի վաղ արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն էր տարածել, թե այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես եկող դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայաստանցիների վրա՝ նրանց դրդելով աջակցել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած որոշ քաղաքական ուժերի։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ ճնշումների փաստով։
Քաղաքագետը նշեց, որ նման թեմաներին պետք է շատ զգույշ մոտենալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին։ Նա շեշտեց՝ հրապարակային մեղադրանքները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, որոնք առայժմ հանրությանը չեն ներկայացվել։
«Մարդիկ կան, որոնք շատ հանգիստ տոնայնությամբ կարողանում են նման ծանր հանցանքների մեջ մեղադրել ինչ–որ երկրների։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր տնտեսական գործընկերն է, և Հայաստանի կառավարությունն ինքն է խոսում բալանսավորված արտաքին քաղաքականության մասին»,– ասաց Ղուկասյանը։
Եթե մեղադրանքներ են հնչում որևէ երկրի հասցեին ու չեն հիմնավորում, դրանք, ըստ Ղուկասյանի, զուտ վերածվում են անհիմն պնդումների։ Քաղաքագետի համար նաև անհասկանալի է` ինչ փաստով, ում վրա, ում ցուցմունքով է քննչական կոմիտեն քրեական գործ հարուցել։
«Որպես Հայաստանի քաղաքացի, որպես հասարակական քաղաքական գործիչ, այո՛, անընդունելի եմ համարում Հայաստանի ներքին գործերին խառնվելը՝ անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը։ Բայց եթե կա նման հանցագործության մասին հրապարակային ահազանգ, պետք է բարի լինեն և ներկայացնեն փաստերը։ Ստեղծված իրավիճակում ավելի շատ խոսվում է ենթադրությունների մակարդակով, քան ներկայացվում են կոնկրետ տվյալներ։ Եթե կա հանցանք, ապա այդ հանցանքը պետք է բացահայտվի և ստանա իրավական գնահատական։ Բայց այս դեպքում մենք մեկնաբանում ենք մի բան, որն օդում է»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է «Անկախ դիտորդ» դաշինքի հրապարակմանը, թե մայիսի վերջ-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար, քաղաքագետի համար այստեղ ևս կան անհասկանալի կողմեր։
«Եթե նման տեղեկությունները հասանելի են ինչ–որ հասարակական կառույցի ներկայացուցիչներին, ապա հարց է առաջանում՝ ինչու դրանք հայտնի չեն իրավապահ մարմիններին կամ հանրությանը։ Շատ կարևոր հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ է հարուցվել քրեական վարույթը և ո՞վ է պատասխանատվություն կրելու»,– նշեց Ղուկասյանը։
Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ իրավապահ մարմինները նախընտրական շրջանում աշխատում են բավական ակտիվ, և եթե իսկապես լինեն խախտումներ, դրանք կբացահայտվեն։
Հիշեցնենք` ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտությանը» հակազդելու հարցում աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 12 մլն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է ուղղել «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարին, ինչպես նաև կիբեռանվտանգության ամրապնդմանը: