Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց Նիկիտա Սիմոնյանի անունով

Նախագիծը ներկայացրել էր «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանի փողոցներից մեկն անվանակոչվեց խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունով։ Որոշումը կայացվեց Երևանի ավագանու նիստի ժամանակ։
Փողոցը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, սկսվում է Աթենքի փողոցից և հասնում Հալաբյան փողոց։
Նախագիծը ներկայացրել էր «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Հիշեցնենք՝ 99-ամյա Նիկիտա Սիմոնյանը մահացավ 2025 թվականի նոյեմբերի 23-ին:
Նա ծնվել է 1926թ. հոկտեմբերի 12-ին Արմավիրում: Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» կազմում մի քանի անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և դարձել ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: ԽՍՀՄ հավաքականի առաջին գոլի հեղինակը աշխարհի առաջնություններում (Շվեդիայում 1958 թ.):
Կարիերան ավարտելուց հետո Սիմոնյանը հաջողության է հասել նաև որպես մարզիչ. Մոսկվայի «Սպարտակի» հետ հաղթել է ԽՍՀՄ առաջնությունը 1962 և 1969 թվականներին, իսկ 1973 թվականին նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» հաղթանակ է տարել ԽՍՀՄ առաջնությունում և Գավաթում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում է շնորհել ռուսական ֆուտբոլի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև պետությանը մատուցած հատուկ ծառայությունների համար: