ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին էական կարգապահական խախտման հիմքով։ Այդ մասին այսօր որոշում է հրապարակել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հայտարարեց, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ 2023 թ. մայիսի 24–ին միջնորդություն էր ներկայացրել այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանը։
«2023 թ. մայիսի 24–ին միջնորդության վերնայման արդյունքում կայացվել է նոր որոշում` կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ըստ միջնորդության` դատավորը խախտել է Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի մի շարք կետեր»,– հայտարարեց Աթաբեկյանը։
Ըստ հրապարակված որոշման` դատավոր Հարությունյանը զերծ չի մնացել ԲԴԽ անաչառությունը և անկախությունը վտանգող կամ կասկածի տակ դնող հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, այն է՝ դատավորը ԲԴԽ–ի կողմից ընդունվող կոնսեսուսային միաձայն որոշումները համարել է ուղղորդված, ինչպես նաև վերջին 6 ամսվա ընթացքում, իր հաշվարկով, 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործընթացը բնորոշել է անօրինական։
Նշենք, որ դատավորի դեմ վարույթ հարուցելու միջնորության համար հիմք է հանդիսացել դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողներին տված ճեպազրույցը, որի ժամանակ Հարությունյանը քննադատել էր ԲԴԽ հայտարարությունը՝ նշելով, որ դատավորներին ընտրությունից առաջ ուղղորդելու փորձ կա։
Ի դեպ, Դավիթ Հարությունյանի վերաբերյալ սա արդեն ԲԴԽ 3–րդ որոշումն էր։ Նրա փաստաբանները պատրաստվում են անհատական դիմում ներկայացնել ՄԻԵԴ։