ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Դատախազությունը պահանջում է «AQUILA TECHNICS» ՍՊԸ–ի տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շարժական և անշարժ գույք, շուրջ 179 միլիոն դրամ։ Ինչպես հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը, Հակակոռուպցիոն դատարանն արդեն վարույթ է ընդունել հայցադիմումը:
Մասնավորապես, դատախազությունը պահանջում է Ավդալյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 7 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 151 միլիոն 484 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 27 միլիոն 549 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։
Հիշեցնենք՝ «Հետքը» դեռ 2023թ․–ին անդրադարձել էր «AQUILA TECHNICS» ՍՊԸ-ին այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե հայկական «Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ-ի տնօրեն Կ. Ա.-ն ենթադրյալ հանցանքի հետևանքով պետությանը պատճառել է շուրջ 102 մլն դրամի վնաս: Պահեստամասի ձեռքբերման համար ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Կ. Ա.-ի ղեկավարած «Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ-ին փոխանցել էր 370 հազար դոլար, որից առանձնապես խոշոր չափերի՝ 170 հազար դոլարին համարժեք շուրջ 84 մլն դրամը, ըստ գլխավոր դատախազության, Կ.Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ հափշտակել է:
«Հետքը» պարզել էր, որ հիմնադրման տարվանից՝ 2014-ից, «Աքիլա Տեխնիքսը» տեխսպասարկման ծառայություններ է մատուցել կառավարական (նախագահական) բորտին, ինչպես նաև 2013-2014 թթ. հայկական ավիացիոն շուկայի առաջատար «Էյր Արմենիային»:
43-ամյա Կարեն Ավդալյանը, բացի այդ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրենն է, Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչ-հիմնադիր Կարինե Ավդալյանի որդին: Ինչպես գրում է «Հետքը», Կարինե Ավդալյանը մոտ հարաբերությունների մեջ է եղել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, որը «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հովանավորն էր, ինչպես նաև երրորդ նախագահի կրտսեր եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ, որը «Վերածնունդի» համանախագահն էր: