ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Թուրքիան կարող է մինչև 25 մլրդ դոլար կորցնել զբոսաշրջությունից ստացված եկամուտներից, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը երկարաձգվի, քանի որ աշխարհաքաղաքական լարվածությունը անմիջականորեն ազդում է զբոսաշրջության ոլորտի վրա, գրում է թուրքական «Ekonomim» բիզնես թերթը։
«Մերձավոր Արևելքում պատերազմի տնտեսական ազդեցությունը չի կարելի գնահատել միայն նավթի գներով։ Զբոսաշրջությունը, ավիացիան, անշարժ գույքը և ծառայությունների ոլորտը առաջինն են արձագանքում աշխարհաքաղաքական ցնցումներին, քանի որ դրանց հիմնական շարժիչ ուժը անվտանգության զգացումն է», – նշել է թերթը։
Թերթը նշում է, որ ռազմական ռիսկերի աճին զուգընթաց զբոսաշրջիկները սկսում են հետաձգել ուղևորությունները, ավիաընկերությունները ճշգրտում են երթուղիները, ներդրողներն էլ նախընտրում են ժամանակավորապես հետաձգել անշարժ գույքի ձեռքբերումը։ Սա, իր հերթին, հանգեցնում է ռեստորանային բիզնեսի, մանրածախ առևտրի և զբոսաշրջության հետ կապված այլ ոլորտների եկամուտների անկմանը։
«Սովորական պայմաններում Թուրքիան տարեկան մոտ 60 մլն զբոսաշրջիկ է ընդունում և ստանում շուրջ 60 մլրդ դոլար եկամուտ։ Եթե զբոսաշրջիկների հոսքը նվազի 10%-ով, երկիրը կարող է մոտ 6 մլրդ դոլար կորցնել, մինչդեռ զբոսաշրջության հետ կապված ոլորտները՝ տրանսպորտը, ռեստորանները և մանրածախ առևտուրը, կարող են բախվել շրջանառության 7-8% անկման», – գրում է հրատարակությունը։
Ավելի լուրջ սցենարի դեպքում, եթե զբոսաշրջիկների հոսքը նվազի մոտ 25%-ով, զբոսաշրջային եկամուտների կորուստը կարող է հասնել մոտ 15 մլրդ դոլարի։ Այս դեպքում ռեստորանների, տրանսպորտային ընկերությունների և մանրածախ առևտրի եկամուտները կարող են նվազել 15-18%-ով, զբոսաշրջային շրջաններում էլ կաճի աշխատատեղերի կրճատման ռիսկը։
«Վատագույն սցենարի դեպքում, զբոսաշրջային հոսքի ավելի քան 40%-ի անկման պարագայում, կորուստները կարող են 24-25 մլրդ դոլար կազմել։ Նման իրավիճակում հարվածի տակ կհայտնվի ոչ միայն զբոսաշրջային ոլորտը, այլև ծառայությունների ոլորտի զգալի մասը. ռեստորանների, տրանսպորտային ընկերությունների և մանրածախ առևտրի շրջանառությունը կարող է նվազել 25-30%-ով, հանգստավայրերում էլ կավելանա բիզնեսի փակման և գործազրկության աճի ռիսկը», – պարզաբանել է «Ekonomim»-ը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: