ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Մերձավոր Արևելքում իրավիճակի լարումից հետո Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 46 երկրների քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում 41 երկրներ էր նշել։
Հիմա ցանկին ավելացել են ևս 5-ը՝ Կանադան, Հունաստանը, Սերբիան, Ֆինլանդիան և Եգիպտոսը:
ԱԳՆ խոսնակը նշում է, որ ըստ անհրաժեշտության՝ ՀՀ կողմից աջակցություն է ցուցաբերվել մուտքի արտոնագրերի հարցում:
Մարտի 7-ին գրել էինք, որ Հայաստանի տարածքով տեղափոխվել են․
Հարևան երկրներից՝ Վրաստան, Թուրքիա, Իրան
Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ
Եվրոպական երկրներից՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա
Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Նեպալ, Նոր Զելանդիա, Չինաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից՝ Գվինեա, Եմեն, Զիմբաբվե, Իրաք, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Մարոկկո, Նիգերիա, Սիերա Լեոն, Սիրիա։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: