ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանի զինուժը մուսուլման բնակչությանը և տարածաշրջանի երկրներին խնդրել է մատնանշել ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի գտնվելու վայրերը, որպեսզի կարողանա ավելի շատ և ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել՝ խուսափելով քաղաքացիական թիրախներից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
Շեքարչին նշել է, որ Իրանի զինուժը շուտով վրեժխնդիր կլինի և ավերիչ հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան և իսրայելական թիրախներին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: