Իրանի «Բուշեր» ատոմակայանից Հայաստանի տարածքով ՌԴ է տեղափոխվել 150 ռուսաստանցի աշխատակից

ԱԷԿ-ում դեռ 450 ռուսաստանցի մասնագետ կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ից ռուսաստանցի աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների տարհանման երկրորդ փուլն ավարտվել է այս գիշեր, Հայաստանի տարածքով Ռուսաստան է ուղևորվում 150 մարդ։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«150 մարդ մի քանի օր առաջ լքել է «Բուշեր» կայանը և գիշերը հատել Հայաստանի սահմանը, նրանք արդեն մեր երկրի ճանապարհին են։ Սա տարհանման երկրորդ փուլն է, երկրորդ մակարդակը»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ այս պահին այնտեղ մնացել է շուրջ 450 մարդ՝ նրանք, ովքեր օբյեկտիվ պատճառներով դեռևս չեն կարող լքել կայանը։
Լիխաչովը տարհանումն իրականացնելու համար շնորհակալություն է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը, ռուսաստանյան ուժային կառույցներին, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ղեկավարությանը։
Ռուսաստանցի անձնակազմի մի մասն այս պահին ներգրավված է «Բուշեր» ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցման հարթակում սարքավորումների սպասարկման գործում։ Լիխաչովն ավելի վաղ հայտարարել էր, որ բլոկների շինարարությունը ժամանակավորապես դադարեցված է, սակայն այս նախագիծը կմնա «Ռոսատոմի» առաջնահերթությունների թվում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: