ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ճանաչել Թեհրանի իրավունքները և փոխհատուցում վճարել։ X-ի իր էջում այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նա նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի առաջնորդ Ասիֆ Ալի Զարդարիի հետ՝ վերահաստատելով Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը։
«Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ–ի կողմից սանձազերծված այս պատերազմին վերջ դնելու միակ միջոցն Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, հատուցումներ վճարելը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքներ տրամադրելը»,- գրել է Փեզեշքիանը:
ՌԻԱ Նովոստին, հղում անելով աղբյուրին, նշում է, որ Թեհրանն ընթացիկ իրավիճակում չի մտածում Վաշինգտոնի հետ բանակցությունների մասին:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: