ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանում գազաբալոնների վկայագրման գործընթացի մեկնարկից ի վեր՝ 3 տարվա ընթացքում, գազաբալոնի 10 պայթյուն է եղել․ սա 1 դեպքով է պակաս գործընթացի մեկնարկին նախորդած ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ 2025 թվականին լուրջ ուշադրություն է դարձվել լիցենզիաների տրամադրման գործընթացներին։ Դրանցից մեկը տրանսպորտային միջոցների տեխնիկական գործունեության զննությունն էր, երկրորդը՝ գազաբալոնների վկայագրման գործընթացը։
«Գազաբալոնների վկայագրման գործընթացում արձանագրվեց, որ լիցենզավորված շատ կազմակերպություններ այդ ամենը ոչ պատշաճ են իրականացրել։ Նույնիսկ դեպքեր էին եղել, երբ տրանսպորտային միջոցներն առանց համապատասխան ստուգումների մտցվել են գազաբալոնների շտեմարան, իբրև թե հետագա շահագործման ենթակա գազաբալոն։ Հենց նմանատիպ դեպքերի հետևանքով վերջերս գազաբալոնների պայթյուններ եղան` չնայած վիճակագրությունը խոսում է այս կարգավորման օգտին։ Մինչ գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը՝ 2019-2021 թթ․ տեղի է ունեցել գազաբալոնի 11 պայթյուն, իսկ 2022-2025 թթ․՝ 10 պայթյուն»,- ասաց Ստեփանյանը։
Նա հայտնեց, որ 2019-2021 թթ․ գազաբալոնով մոտ 350 000 տրանսպորտային միջոց է շահագործվել, իսկ 2022-2025 թվականներին թիվն ավելացել է 190 000-ով։
Ըստ պաշտոնյայի` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերահսկողական լուրջ գործիքների մշակման խիստ անհրաժեշտություն կա, այդ իսկ պատճառով գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացն ասուհետ կտեսանկարահանվի (փոփոխությունն ուժի մեջ կմտնի մարտի 28-ից)։
«Տեսագրության մեջ պետք է արտացոլվի տվյալ տրանսպորտային միջոցը, համարանիշը և վկայագրման ողջ գործընթացը։ Տեսախցիկն այնպես պետք է տեղադրվի, որ հստակ երևա ամբողջ աշխատանքը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի հիմնավորել լիցենզիա ստացած որևէ տնտեսվարողի գործունեությունը՝ արդյոք պատշաճ է իրականացնում, թե ոչ։ Այսպիսով մենք կազատվենք այն ընկերություններից, որոնք չեն հասկանում ոլորտի կարևորությունն ու լրջությունը»,- ասաց Ստեփանյանը։
Հիշեցնենք` գազաբալոնների վկայագրման գործընթացն իրականացվում է 2 տարին մեկ անգամ։ Այս պահին ՀՀ-ում գործում է գազաբալոնների վկայագրմամբ զբաղվող լիցենզավորված 104 կազմակերպություն։ Ոլորտի ուսումնասիրությունն իրականացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։