ՀՀ–ն TRIPP-ի իրականացումը հետաձգելու որևէ մտադրություն չունի․ Փաշինյանի ելույթը ԵԽ–ում

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է տարանցման ճանապարհ տրամադրել Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, բայց 2 երկրներն էլ մինչ այժմ չեն հետաքրքրվել դրանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ Հայաստանը վաշինգտոնյան պայմանավորվածությունների, մասնավորապես TRIPP նախագծի իրականացումը հետաձգելու որևէ մտադրություն, պատճառ չունի։ Այսօր Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հայտարարել ենք, որ այսօր էլ պատրաստ ենք ապահովել տարանցում Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ Սա մի բան է, որ կարող ենք այսօր իրականացնել գոյություն ունեցող հաղորդակցության ուղիներով։ Բայց ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը մինչ այս պահը չեն օգտվել այս հնարավորությունից։ Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, թե նրանք կարծում են, որ այս լուծումը կարող է հետաձգել TRIPP-ի իրականացումը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը չունի ո՛չ մտադրություն, ո՛չ էլ պատճառ հետաձգելու TRIPP նախագիծը, քանի որ այն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներին»,- ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ այս նախագծի իրականացումը որևէ կերպ կասկածի տակ չի դնում մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Փաշինյանի խոսքով՝ ինքը նաև հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօրվանից հաղորդակցության կապուղի ապահովել Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ ճանապարհով Ադրբեջանի արևմտյան մասի ու Նախիջևանի միջև: Սակայն այս քայլը նպատակ չունի հետաձգելու կամ խանգարելու վաշինգտոնյան համաձայնագրին, այլ նման առաջարկ արվում է, որովհետև ինչպես Ադրբեջանն ակնկալում է, որ կվերսկսվի կապը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ, մենք էլ ակնկալում ենք Հայաստանի հյուսիսի և հարավի միջև կապ Նախիջևանի տարածքով:
«Այս երկաթգիծն այլընտրանք չունի։ Մեր երկրի լեռնային տեղանքը թույլ չի տալիս երկաթուղով որևէ այլ կերպ կապել երկրի հարավն ու հյուսիսը։ Ուստի հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ակնկալիքները չեն հակասում»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ Հայաստանը ցանկանում է օգտագործել Վրաստան-Ադրբեջան երկաթուղին արտահանումների համար։ Երկրի ղեկավարը հույս հայտնեց, որ ոչ հեռու ապագայում Ադրբեջանը նույնպես կդառնա արտահանման ուղղություն Հայաստանի համար, քանի որ այսօր արդեն Հայաստանը նավթամթերք է ներմուծում Ադրբեջանից։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։