ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Երևանի «Ռուսական տանը» մեկնարկում է նոր մշակութային-կրթական նախագիծ՝ «Սիլվա Կապուտիկյանի անվան դպրոցականների գրական բանավեճերի առաջին երևանյան մրցաշարը»։
Նախագծի նպատակն է դպրոցականների շրջանում զարգացնել փաստարկված բանավեճի, քննադատական մտածողության և հանրային ելույթների հմտությունները։
«Երեխաները պետք է սովորեն բանավիճել, որովհետև ցանկացած ազգի գոյատևման միակ միջոցը, անկախ պատմական ժամանակաշրջանից, սեփական դիրքորոշումը պաշտպանելու կարողությունն է։ Իսկ ազգը բաղկացած է բոլորիցս»,-նշել է քաղաքագետ Արման Աբովյանը։
Արման Աբովյան
© Sputnik
Մրցաշարը նվիրված է ականավոր հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հիշատակին։ Ինչպես ընդգծել է բանաստեղծուհու տուն-թանգարանի տնօրեն Արմինե Դեմիրճյանը, նրա անհատականությունն ու ստեղծագործությունը մինչ օրս հարգանք ու հետաքրքրություն են առաջացնում։
Արմինե Դեմիրճյան
© Sputnik
«Նա շատ տոկուն և խիզախ մարդ էր։ Նրան սիրում են նաև այսօր, և թվում է, թե մինչ օրս սպասում են նմանատիպ անհատականության հայտնվելուն»,-ասել է Դեմիրճյանը։
Երևանում «Ռուսական տան» ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Անդրեևան նշել է, որ մրցաշարի գրական թեմատիկան պատահական չի ընտրվել։
Եկատերինա Անդրեևա
© Sputnik
Նրա խոսքով՝ դպրոցականները գուցե դեռևս բավարար գիտելիքներ չունեն պատմության կամ միջազգային հարաբերությունների թեմաներով բանավիճելու համար, սակայն փաստարկված խոսքի հմտությունները կարևոր է զարգացնել արդեն այդ տարիքից։ Ժամանակակից գրականությունը, նրա խոսքով, դրա համար լայն հնարավորություններ է ընձեռում։
Մրցաշարային աղյուսակն արդեն ձևավորված է։ Նախագծի մասնակիցները կայցելեն նաև Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան, որտեղ հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ բանաստեղծուհու կյանքին և ստեղծագործությանը։