Ուկրաինայի հարցով հանդիպումը հավանաբար տեղի կունենա հաջորդ շաբաթ. Ուիտկոֆ

Մեկնաբանելով ուկրաինական կարգավորման հարցում ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը՝ Ուիտկոֆը նշել է, որ հակամարտությանը պետք է վերջ դրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը հավանաբար տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը:
Հանդիպումը տեղափոխելու մասին ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ դա ամերիկյան կողմի նախաձեռնությունն է Մերձավոր Արևելքի իրավիճակի սրացման ֆոնին։

«Կարծում եմ, որ եռակողմ հանդիպումը կհետաձգվի որոշ ժամանակով և տեղի կունենա հաջորդ շաբաթ»,- ասել է Ուիտկոֆը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը դրական է տրամադրված այդ հակամարտության ավարտի հեռանկարի հարցում:
Ավելի վաղ ուկրաինական NV ռադիոկայանը հայտնել էր, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա մարտի 11-ին Ստամբուլում: