ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկվա հեռախոսազրույցի ընթացքում իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին չի խնդրել դադարեցնել կրակը Ուկրաինայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը ճեպազրույցի ժամանակ ասել էր, թե Պուտինին խնդրել է դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում՝ ի պատասխան մերձավորարևելյան ճգնաժամի կարգավորմանն օգնելու վերջինիս պատրաստակամությանը։ Թրամփի խոսքով՝ ինքն ի պատասխան կոչ է արել դադարեցնել կրակը Ուկրաինայում։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում կրակի դադարեցման հետ կապված բոլոր ձևաչափերն արդեն բոլորին քաջ հայտնի են։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլի հստակ վայր և ժամկետներ դեռևս չկան։
Բացի այդ, երեկվա հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ առաջնորդն իր ամերիկացի գործընկերոջն է ներկայացրել Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման առաջարկները։ Անդրադառնալով Մոսկվայի կողմից Թեհրանին հետախուզական տվյալներ փոխանցելու մեղադրանքներին՝ Պեսկովը նշել է, որ ռուսական կողմն այդ հաղորդագրությունները չի մեկնաբանում։
Մոսկվան, նրա խոսքով, պատրաստ է և ուրախ կլինի նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը, սակայն դա պետք է համաձայնեցնել բազմաթիվ կողմերի հետ։ Նա նաև հավելել է, որ ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների թեման նախագահները մանրամասն չեն քննարկել։