Տարածաշրջանում էսկալացիայի ֆոնին Թուրքիան Patriot ՀՕՊ համակարգեր է տեղակայել Մալաթիայում

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Անկարան երկու անգամ հայտարարել է իրանական կողմից արձակված հրթիռները որսալու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի ռազմական իշխանությունները հայտնել են Մալաթիայում ՆԱՏՕ-ի Patriot հակաօդային և հակահրթիռային պաշտպանության (ՀՕՊ և ՀՀՊ) համակարգերի տեղակայման մասին։
Երկրի ՊՆ-ից հայտնել են, որ որոշումն ընդունվել է տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին՝ օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցների ուժեղացման շրջանակներում։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում հայտարարել են, որ համակարգը կբերվի լիակատար մարտական պատրաստվածության՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար։ Անկարան նաև նշել է, որ սերտորեն համակարգում է գործողությունները ՆԱՏՕ-ի և դաշնակից պետությունների հետ՝ շարունակելով հետևել իրավիճակի զարգացմանը և աշխատելով տարածաշրջանային կայունության պահպանման ուղղությամբ։
Նշենք, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Անկարան սրացման սկզբից ի վեր երկու անգամ հայտարարել է Իրանից արձակված հրթիռները որսալու մասին:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: