RT-ի նկարահանող խումբը միջազգային լրատվամիջոցներից առաջինն է եղել Լիբանանի հարավային Սիր էլ Գարբիյե գյուղում, որը գրոհում է Իսրայելը:
Մարտի 8-ին իսրայելական արկն ընկել է բնակելի շենքի վրա. դրանից գրեթե ոչինչ չի մնացել, զոհվել է 17 մարդ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է Լիբանանում RT բյուրոյի ղեկավար Սթիվ Սուինին:
«Մեր նկարահանումների ընթացքում մեզանից հեռու լսեցինք առնվազն չորս կամ հինգ պայթյուն, ինչը վկայում է, թե որքան անկայուն է երկրի այս հատվածը և ցույց է տալիս շարունակվող իսրայելական հարձակումների մասշտաբները», - ասաց նա:
Լրագրողի խոսքով՝ անգամ սգո արարողության ժամանակ կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր էին թռչում:
Հարվածն ավերել է եռահարկ բնակելի շենքը, որտեղ ապրում էին երեք եղբայրներ՝ իրենց ընտանիքների ու մտերիմների հետ։ Շենքից միայն փլատակներ են մնացել։
«Բոլորը քնած էին, այդ թվում՝ ես։ Առավոտյան ժամը 6:15-ի սահմաններում արթնացանք հզոր պայթյունից։ Երբ դուրս եկանք, տեսանք ծուխը և վազեցինք այնտեղ՝ օգնելու։ Շենքն ամբողջությամբ ավերվել էր։ Սկսեցինք փլատակներում փնտրել մարդկանց», - պատմում է ականատեսը։
Նրա խոսքով՝ ճանապարհին ամենուր զոհվածների աճյուններ ու ու ավերված շենքերի փլատակներ էին։ Շատերի մարմինները շենքերի փլատակներում էին։ Նրանք բոլորը քաղաքացիական մարդիկ էին։
Զոհերի թվում նաև երեխաներ են. նրանցից ոմանք 10 տարեկան էլ չկային:
Բնակիչները կատարվածը անվանում են ողբերգություն և ռազմական հանցագործություն՝ նշելով, որ դրա մասին ճշմարտությունը վաղ թե ուշ հայտնի կդառնա ողջ աշխարհին:
Մեկ այլ բնակիչ նշում է, որ յուրաքանչյուր տուն մարմնավորում է Հարավի դիմադրության ոգին:
«Մենք չենք հրաժարվում դիմադրությունից։ Ընդհակառակը, միայն ուժեղանում ենք։ Մենք շարունակելու ենք պայքարը հանուն Հարավի, Լիբանանի և արաբների ազատագրման», - հայտարարել է լիբանանցին։
Տեղի բնակիչները հավաստիացնում են, որ հարձակումները միայն ամրապնդում են մարդկանց վճռականությունը:
«Որքան շատ հարձակվեն մեզ վրա, և որքան մեծ անարդարության դիմանանք, այնքան ամուր կլինի մեր վճռականությունը։ Մենք երկու տարբերակ ունենք՝ եթե հանձնվենք, նրանք կկառավարեն մեզ։ Մենք երբեք չենք ընդունի սիոնիստների իշխանությունը։ Ուրեմն, մնում է միայն հաղթանակը կամ մահը», — ասում է գործակալության զրուցակիցը։
Մարտի 9-ին հաղորդվել էր, որ Լիբանանի ուղղությամբ իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 486-ի: