ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։
Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկվել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները։ Կրեմլը հայտարարել է, որ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական է եղել։ Առաջնորդները բովանդակալից և օգտակար մտքեր են փոխանակել Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և անդրադարձել Վենեսուելայում ստեղծված իրավիճակին։
Պուտինը մի շարք նկատառումներ է հայտնել՝ ուղղված Իրանում հակամարտության արագ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը։ Նա նաև բարձր է գնահատել ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի միջնորդական ջանքերը Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։ Թրամփը հետաքրքրություն է հայտնել Ուկրաինայում հակամարտությունն հնարավորինս արագ ավարտին հասցնելու հարցում՝ հրադադարի և երկարաժամկետ կարգավորման միջոցով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: