Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում հանդիպման ժամանակ կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որտեղ մասնակցում է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Փաշինյանը ելույթ է ունեցել գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, այնուհետև առանձնազրույցներ ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում նա հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։