ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Փարիզում հանդիպում է ունեցել Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Այս մասին հայտնել է Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում։
«Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,–գրել է Խուդաթյանը։
Հիշեցնենք` փետրվարի 3–ին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր` տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը չորս հարևանների (Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան - խմբ.) հետ միացած գործի։
Հունվարի 29-ի ճեպազրույցում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։
Խուդաթյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր
© Photo : Social media of David Khudatyan