ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանը հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին, ինչպես նաև վառելիքի պահեստարաններին։ Այս մասին հայտնում է իրանական բանակը։
«Իրանի բանակի Ռազմաօդային ուժերը, ի պատասխան Իրանի նավթամբարների վրա հարձակման, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարձակվել են Հայֆայում սիոնիստական ռեժիմի նավթի և գազի վերամշակման գործարանի, ինչպես նաև վառելիքի պահեստարանների վրա»,-ասված է հայտարարության մեջ։
Բանակից նշել են, որ հարձակումը տեղի է ունեցել վերջին մի քանի ժամվա ընթացքում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: