ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իրանի նավթի պահեստներին հասցված հարվածների՝ առողջության և բնապահպանության համար խիստ վտանգավոր հետևանքների ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում երկրի իշխանություններին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը։
«Իրանում տեղումները, որոնք խառնվում են թունավոր աղտոտիչների հետ, չափազանց վտանգավոր են, ունեն ուժեղ թթվային հատկություններ և կարող են մաշկի քիմիական այրվածքներ և թոքերի լուրջ վնաս առաջացնել: ԱՀԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և աջակցություն է ցուցաբերում իշխանություններին՝ բնակչությանը պաշտպանելու և ազդեցության ռիսկերը նվազեցնելու նպատակով տրամադրելով հանրային առողջության վերաբերյալ առաջարկություններ», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցում:
Ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակման և բաշխիչ ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ի գիշերը Թեհրանում և Ալբորզում գտնվող նավթահանքերն ավիահարվածների են ենթարկվել: Դրանից հետո իրանական Կարմիր մահիկը բնակչությանը նախազգուշացրել էր մթնոլորտ թունավոր միացությունների ներթափանցման պատճառով հնարավոր թթվային անձրևների մասին: ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Թեհրանում այդ օրը խիտ սև ծուխ էր տեսել քաղաքի վրա։