ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիան ԱՄՆ–Իրան հակամարտության պատճառով բարդ և զգայուն դրության մեջ է հայտնվել, այդ պատճառով էլ կոշտ և պաշտոնական հայտարարություններ չի անում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նշենք, որ փետրվարի 28-ից ի վեր, ինչ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություններ են սկսվել, Թուրքիան պաշտոնական որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Ըստ երկրի վարչակազմի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ։
«Բարդ դրություն է, քանի որ Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ է և պարտավոր է որոշակի դիրքորոշում հայտնել, դրան գումարած, որ Թուրքիայում գտնվում են ամերիկյան, ՆԱՏՕ–ական բազաներ։ Դրանք, ըստ Իրանի հռետորաբանության, տեսականորեն կարող են լինել թիրախ։ Թուրքիան մինչ այս Իրանի հետ պայմանավորվածություններ և քննարկումներ էր ունեցել, որոնք նպատակ ունեին բացառել Իրանի կողմից Թուրքիայում գտնվող բազաների վրա հարձակումը։ Բարդ իրավիճակ է նաև այն առումով, որ Թուրքիան մեծամասամբ իսլամադավան երկիր է և, ըստ մուսուլմանական երկրներում, մանավանդ քաղաքական մտածողության մեջ տարածված ավանդույթի, չի կարող պաշտպանել ԱՄՆ-ին, ինչն էլ կնշանակի սատարել Իսրայելին ու դավաճանել համաիսլամական շահերը»,- ասաց Մելքոնյանը։
Այս ամենին գումարած, ըստ փորձագետի, Թուրքիան Իսրայելի հետ ոչ միանշանակ, բավականին կոշտ հռետորաբանություն ունի` չնայած հարաբերություններն այդքան էլ վատ չեն։ Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի ղեկավարը շատ հմուտ է արևելյան քաղաքական խաղերի առումով, ուստի ցանկանում է Արևելքի և Արևմուտքի միջև որպես միջնորդ հանդես գալ։
Մյուս կողմից էլ Թուրքիան իր այս լռությամբ ուղերձ է հղում, որ Իսրայելին չսատարելով համերաշխություն է հայտնում իսլամին։ Թուրքագետը չի բացառում, որ Անկարան Իրանի թուլացման կամ պառակտման պարագայում այդ երկրի հանդեպ ցամաքային գործողություն սկսելու և որոշակի տարածքներ օկուպացնելու ծրագիր ունի։ Ըստ Մելքոնյանի՝ Թուրքիան գուցե մտադիր է նման գործողություն իրականացնել բուֆերային գոտի ստեղծելու անվան տակ, մանավանդ որ Թուրքիան նման փորձ արդեն ունի, ինչպես արել է Սիրիայի կամ Իրաքի պարագայում (գրավել էր սիրիական մոտ 30 կմ տարածք)։
«Եթե Իրանում լինեն լուրջ ցնցումներ, փախստականների անկանոն հոսք, Թուրքիան իբրև կանխարգելիչ քայլ կարող է դիտարկել բուֆերային գոտի ստեղծելու հարցը՝ Իրան-Թուրքիա սահմանին որոշակի տարածքներ օկուպացնելու միջոցով։ Քանի դեռ Իրանը չի երերում, Թուրքիան այդ պլանը չի իրագործում։ Նրանք գործում են մի կարգախոսով՝ «Սպասիր ու տես»։ Հիմա Թուրքիան այդ գծի մեջ է։ Թուրքիայի լռելու վերջին հանգամանքն էլ Ադրբեջանի հետ իր առանձնահատուկ հարաբերություններն են, քանի որ պաշտոնական Բաքուն բավականին ջերմ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, և Թուրքիան նաև որոշակի առումով Ադրբեջանի հանդեպ խնամակալի դեր կատարելու ֆունկցիա ունի։ Իրան-Ադրբեջան կոնֆլիկտի դեպքում Թուրքիան ավելի քիչ հնարավորություն կունենա ձեռնպահ կամ լուռ մնալու»,- ասաց Մելքոնյանը։
Նա անդրադարձավ այն հանգամանքին, որ արդեն առնվազն 2 հրթիռ է խոցվել հենց Թուրքիայի տարածքում, ըստ որոշ աղբյուրների` Իրանից արձակված։
«Իրանից արձակված հրթիռների պարագայում կարող ենք մենք գոնե որպես վարկած դիտարկել այն, որ Իրանի դեմ գործում են շատ հզոր հատուկ ծառայություններ՝ Մոսադը, ենթադրաբար նաև ամերիկյանը կամ բրիտանականը»,– ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ եթե այդ ծառայությունները հասանելիություն են ստացել Իրանի համար շատ կարևոր տեղեկությունների, ապա միամտություն կլինի մտածել, թե նրանք տեղեկություն չունեն, օրինակ, Իրանի անօդաչու թռչող սարքերի կամ հրթիռների արձակման կայանների մասին։
«Կարծում եմ, որ սադրանքի հավանականությունը բավական մեծ է, հատկապես Նախիջևանի վրա հարվածի պարագայում։ Ըստ երևույթին, պրովոկացիայի հաշվարկը հետևյալն էր` մեկ փամփուշտով 2 նապաստակ խոցել և պատերազմում ներգրավել ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։ Եթե ընտրված լիներ այլ թիրախ Ադրբեջանում, միգուցե կարելի էր այլ կերպ մտածել, բայց Նախիջևանը ունի նաև իրավական ենթատեքստ։ Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռները կարող են տեխնիկական խնդիրների պատճառով լինել, քանի որ Իրանին ձեռնտու չէ Թուրքիային և Ադրբեջանին համատեղ հրավիրել պատերազմի»,- ասաց Մելքոնյանը։
Ըստ թուրքագետի՝ ստեղծված իրավիճակում Թուրքիան պետք է շատ խորամանկ, նույնիսկ մանրանկարչական դիվանագիտություն վարի կայունություն պահպանելու համար։
Մելքոնյանը եզրափակեց՝ եթե Իրանի համար իրավիճակը սրվի, հնարավոր է` Թուրքիայի դերակատարման լիակատար փոփոխության ականատես դառնանք։