ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանն ուսումնասիրում է փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` ելույթ ունենալով Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը։
«Մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես` փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ»,– ասել է Փաշինյանը։
Նա իր ելույթում անդրադարձել է նաև ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությանը։
Հիշեցնենք` փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, հայտարարեց, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։