Հակասում է քրիստոնեությանը. Թաքեր Կառլսոնը՝ իրանցի երեխաների սպանության մասին

Ամերիկացի հայտնի լրագրող և փոդքասթեր Թաքեր Կառլսոնը. Արխիվային լուսանկար
Լրագրողի կարծիքով՝ չարժե պայքարել մի երկրի համար (նկատի ունի ԱՄՆ-ն՝ խմբ.), որը նորմալ է համարում ոչ միայն զինվորականների, այլև նրանց դուստրերի սպանությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ամերիկացի հայտնի լրագրող և փոդքասթեր Թաքեր Կառլսոնը քննադատել է ԱՄՆ իշխանություններին Իրանում աղջիկների դպրոցին հասցված հարվածի համար, որի զոհ են դարձել 170 երեխաներ և մանկավարժներ։
Իր հեղինակային եթերում Կարլսոնն անմեղ երեխաների սպանությունն անվանել է քրիստոնեությանը և Արևմուտքի հայեցակարգին հակասող բան։ Նրա խոսքով՝ չարժե պայքարել մի երկրի համար (նկատի ունի ԱՄՆ-ն՝ խմբ.), որը նորմալ է համարում ոչ միայն զինվորականների, այլև նրանց դուստրերի սպանությունը։
«Մենք կարծում ենք, որ մարդիկ պատասխանատվություն են կրում իրենց սեփական մեղքերի, այլ ոչ թե իրենց ազգականների մեղքերի համար։ Կոլեկտիվ պատիժը հակասում է մեր համոզմունքներին։ Դրան հավատում է Իսրայելը, ոչ թե մենք։ Նրանք թույլատրելի են համարում մարդկանց սպանելը տոհմածառի հիմքով։ Սպանել ոչ միայն հանցագործին, այլև նրա կնոջը, նրա երեխաներին, նրանց երեխաներին, նրա ընտանի կենդանիներին։ Սա մի հայեցակարգ է, որը քրիստոնյաներն ու Արևմուտքը մերժում են որպես գրոտեսկային և չար»,- կարծում է լրագրողը։
Նա նաև հարց է բարձրացնում, թե ինչպես է դպրոցը հայտնվել զինվորականների թիրախում, և արդյոք այդ որոշումը կայացվել է արհեստական բանականության օգնությամբ։
«Արդյո՞ք եղել է արհեստական բանականության ինչ-որ ծրագիր, որը նպատակաուղղված գրոհել է այս դպրոցը՝ այն շփոթելով ինչ-որ այլ բանի հետ։ Մեքենա՝ առանց մարդու մասնակցության, առանց մարդու հավանության։ Սա հրեշավոր է՝ կյանքի և մահվան որոշումները հանձնել մեքենային»,-ընդգծել է լրագրողը։