ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանական «Դենա» ռազմանավի զոհված նավաստիների մարմինները շուտով հայրենիք կտեղափոխվեն։ Այս մասին հայտնում է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
Ընդգծվում է, որ զոհված 104 նավաստիներից նույնականացվել են 84-ի մարմինները։ Չնայած Շրի Լանկայի ջրասուզակների ջանքերին` նավաստիներից 20–ը դեռ անհետ կորած են համարվում։
«Իրանի ԱԳՆ–ի ջանքերի և Շրի Լանկայի կառավարության համագործակցության շնորհիվ նրանք շուտով կտեղափոխվեն հայրենիք՝ Իրան», – ասվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը ռազմանավին հասցված հարվածի առնչությամբ դիմել է միջազգային ատյաններ։
Հիշեցնենք, որ իրանական «Դենա» նավը, որը Իրան էր վերադառնում Հնդկաստանի Վիսախապատնամ քաղաքում անցկացված զորավարժություններին մասնակցելուց հետո, խորտակվել էր Շրի Լանկայից մոտավորապես 40 կմ դեպի հարավ։
Ավելի ուշ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին ասել էր, որ ամերիկյան սուզանավը իրանական ռազմանավը խորտակել է Հնդկական օվկիանոսի միջազգային ջրերում։
Իրանի բանակը հայտնել է, որ նավի անձնակազմը բաղկացած էր 136 հոգուց, որոնցից 104-ը զոհվել են, 32-ը՝ վիրավորվել։