Ավանեսյանի մոր ընկերությունը պետպատվեր է ստանում, նախարարությունը շահերի բախում չի նկատում

Միայն 3 գործարքի շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը պետական գնումներով մեթադոն է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունից։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ուսումնասիրելով ՀՀ առողջապահության նախարարության պետական գնումները՝ պարզվել է, որ առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։ Խոսքը Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին պատկանող «Արֆարմացիա» ընկերությունում 31 տոկոս բաժնեմասին է վերաբերում։ Ընկերությունը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի և բժշկական նյութերի մատակարարմամբ»,- գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ 2025 թվականին «Արֆարմացիան» պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր վճարում՝ առողջապահական նյութերի և դեղերի մատակարարման շրջանակում։ Պատվիրատուն եղել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ վճարումները․
20 հունվարի 2025 թ. – շուրջ 14 մլն դրամ
20 հուլիսի 2025 թ. – շուրջ 30.6 մլն դրամ
09 հոկտեմբերի 2025 թ. – շուրջ 38.5 մլն դրամ։
Միայն նշված 3 գործարքի շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։
«Այդ ցանկում ներառված է նաև մեթադոն՝ թմրանյութ պարունակող դեղամիջոց, որը կիրառվում է բժշկական հատուկ ծրագրերում։ Թեև պետական գնումների համակարգը նախատեսում է մրցութային ընթացակարգեր, այնուամենայնիվ նման գործարքները խոսում են շահերի հնարավոր բախման մասին»,- գրում է պարբերականը։
Նշվում է, որ պետական գերատեսչությունը գնումներ է կատարում ընկերությունից, որի բաժնետերերից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամ է։
«Էպիլեպսիա` ստվերից դուրս». ինչպե՞ս է Հայաստանում կառավարվում հիվանդությունը