Արաղչին «շնորհակալություն է հայտնել» ԱՄՆ ԶՈւ հրամանատարությանը «խոստովանության» համար

Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է, որ ոչ ոք չպետք է դժգոհի, եթե Թեհրանը ոչնչացնի այդ համակարգերը՝ անկախ դրանց տեղակայման վայրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գնահատել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոստովանությունն այն մասին, որ Վաշինգտոնն Իրանի հարևան երկրների տարածքներում HIMARS համակարգեր է տեղադրում և օգտագործում՝ Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելու համար։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
«Շնորհակալություն, CENTCOM, (ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն), ընդունելու համար, որ դուք օգտագործում եք մեր հարևանների տարածքը HIMARS համակարգերը տեղադրելու համար ընդդեմ մեր ժողովրդի, այդ թվում, ըստ երևույթին, աղազերծման գործարանի դեմ», - գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Արաղչին գրառման մեջ նաև նախազգուշացրել է՝ որևէ մեկը չպետք է դժգոհի, եթե ի պատասխան այս ամենի՝ իրանական հրթիռները ոչնչացնեն այդ համակարգերը, որտեղ էլ որ դրանք լինեն: Գրառմանը նախարարը նաև կցել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության հրապարակումը, որում ասվում է, թե «ԱՄՆ բանակի բարձր շարժական հրետանային հրթիռային համակարգերը (HIMARS) ապահովում են իրանական ռեժիմի դեմ մարտական գործողություններում խորը հարվածներ հասցնելու անգերազանցելի հնարավորություններ»։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:
Թեհրանի նավթային համալիրի վրա հարձակումից հետո «սև անձրև» է տեղացել