ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Սպիտակ քաղաքում հանցավոր կազմակերպության անդամներն ապօրինի մուտք են գործել բնակարան և կատարել առանձնապես խոշոր չափի գողություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին։ Իրականացված քննչական գործողությունների ընթացքում պարզվել է նաև հանցավոր կազմակերպության անդամներից մեկի ինքնությունը, որը տուժողի հետ մտերիմ է եղել։ Վերջինը նախապես իմացել է տուժողի ծննդյան տարեդարձն այլ վայրում անցկացնելու, ինչպես նաև տուժողի բնակարանում առկա գումարի, թանկարժեք զարդերի և այլ իրերի առկայության մասին։ Նա այդ տեղեկությունները տրամադրել է հանցավոր կազմակերպության մյուս անդամներին, ինչպես նաև նախապես ընտրել փախուստի համար հավանական ճանապարհները»,- ասված է հաղորդագրությունում։
Կասկածյալների բնակարաններում, ինչպես նաև ավտոմեքենաներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է հափշտակված գողոնի մի մասը։ Իրավապահնրը նաև հայտնաբերել են բնակարանային գողություն կատարելու, բնակարանի դռներ բացելու, միմյանց հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ իրեր և առարկաներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 7-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գողության հոդվածով, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելու հոդվածով։ Եվս 1 անձի նկատմամբ էլ կիրառվել են առանձնապես խոշոր չափերով գողությանն օժանդակելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելուն օժանդակելու հոդվածները։
7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները նախկինում նույնպես կատարել են տարբեր հանցանքներ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանցավոր կազմակերպության կողմից կատարված արարքները բացահայտելու և քրեաիրավական գնահատական տալու նպատակով: