ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ փետրվարի 28-ից ի վեր սա ԱԽ 4-րդ նիստն է, վերջինն անցկացվել էր մարտի 5-ին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: