Իրանագետը նշել է՝ ինչ ուղերձ ունի Մոջաթաբա Խամենեիի ընտրությունը

Իրանագետի խոսքով` նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի՝ հոգևոր առաջնորդի պաշտոնում ընտրությամբ Իրանը մի քանի ուղերձներ է հղում արտաքին աշխարհին։ Սոցցանցերում նման գրառում է կատարել իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Նրա խոսքով` նման քայլով ցույց է տրվում Իրանում համակարգային քաղաքական շարունակականության հանգամանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի փորձագետների խորհուրդը հանգուցյալ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջաթաբա Խամենեիին ընտրել է երկրի նոր գերագույն առաջնորդ։
«Նոր հոգևոր առաջնորդն Իրանի խորքային պետության ամենաազդեցիկ դեմքերից է, Իրան-Իրաք պատերազմի մասնակից և ԻՀՊԿ-ի հետ սերտ առնչություն ունեցող անձ։ Այսինքն` պատերազմական պայմաններում ընտրությունն ունի ոչ միայն հոգևոր, այլ նաև հստակ ռազմաքաղաքական պատճառաբանություն։ Եվ ի վերջո՝ այս ընտրությամբ ուղերձ է հղվում, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր գերտերությունը չի կարող Իրանին պարտադրել առաջնորդ կամ ազդել այդ առաջնորդի ընտրության վրա, քանի դեռ այդ երկիրը գոյություն ունի որպես անկախ պետություն»,– գրել է իրանագետը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: