Ի՞նչ մարտավարություն է ընտրել Իրանը. ամերիկացի դիվանագետը հիշեցրել է Մուհամմեդ Ալիի մասին

Չեզ Ֆրիմանը կարծում է, որ Իսրայելի որսացող հրթիռները շուտով կարող են վերջանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Իրանն ընտրել է ուժասպառ անելու մարտավարությունը, որի էությունն այն է, որ թույլ տա հակառակորդին անընդհատ հարվածել, պարբերաբար պատասխանել, բայց հիմնականում սպասել հարմար պահի, երբ նա ուժասպառ և թուլացած կլինի։ Այս տեսակետը հայտնել է ամերիկացի դիվանագետ, գիտնական և նախկին դեսպան Չեզ Ֆրիմանը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` այս ռազմավարությունը հիշեցնում է Մուհամմեդ Ալիի «rope-a-dope» հայտնի մարտավարությունը։ Այն ենթադրում է, որ բռնցքամարտիկը հպվում է պարաններին` պաշտպանելով գլուխն ու իրանը, թույլ տալով հակառակորդին հարվածել և սպառել ուժերը` հետագայում նրան հակագրոհի ենթարկելու համար, երբ հակառակորդն արդեն հոգնած կլինի։
Ֆրիմանը կարծում է, որ ներկայիս սրացումը կարող է վերածվել հյուծման պատերազմի, որտեղ գլխավոր գործոնը կդառնա բավարար սպառազինության առկայությունը։
«Մենք տեսնում ենք հյուծման պատերազմի նախադրյալներ։ Մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելը հավանաբար կկորցնի իրանական հրթիռները զանգվածաբար որսալու ունակությունը», – նշել է նա։
Ֆրիմանի խոսքով` նման իրավիճակ արդեն ստեղծվել էր նախորդ տարվա հունիսին. այն ժամանակ, դիվանագետի գնահատականներով, Իսրայելը հրթիռները զանգվածաբար որսալու ունակությունը սպառեց 12 օր անց, որից հետո սկսվեցին հրադադարի մասին խոսակցությունները։
Ֆրիմանը կարծում է, որ այդ սցենարը կարող է կրկնվել նաև այսօր։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ-ն ավելի մեծ հնարավորություններ ունի, սակայն Վաշինգտոնն արդեն զգալի քանակությամբ զենք է փոխանցել այլ երկրների, այդ թվում՝ Ուկրաինային և Իսրայելին, ինչը, ժամանակի ընթացքում կարող է ազդել սեփական պաշտպանական ռեսուրսի վրա։
Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանի վերաբերյալ հստակ ռազմավարություն չունի:
«Ի սկզբանե ԱՄՆ-ն արշավի ծրագիր ուներ, բայց չուներ ռազմավարություն: Եվ հիմա, կախված շաբաթվա օրից և օրվա ժամից, ԱՄՆ–ն մե՛կ խոսում է միջուկային զենքի չտարածման մասին, մե՛կ մարդու իրավունքների, ժողովրդավարության, ռեժիմի փոփոխության կամ Իրանի հրթիռային ներուժի վերացման մասին», – ասել է Ֆրիմանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: