Թրամփը Թեհրանին է մեղադրել Մինաբում աղջիկների դպրոցին հարվածելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Իրանի հարավում աղջիկների դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 175 մարդ, մեծ մասը՝ աշակերտուհիներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել է Մինաբի աղջիկների դպրոցը գնդակոծելու համար։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ Մայամի մեկնելու ճանապարհին։
«Մենք կարծում ենք, որ դա Իրանն է արել։ Նրանք բոլորովին ճիշտ չեն վարվում իրենց զինամթերքի հետ»,-պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն է ռմբակոծել տարրական դպրոցը։
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչները ԱՄՆ Կոնգրեսին հայտնել էին, որ ԱՄՆ զինվորականներն իսկապես հարվածներ են հասցրել Իրանի Մինաբ քաղաքի շրջանում, որտեղ գտնվում է հարձակման ենթարկված տարրական դպրոցը։
Փետրվարի 28-ին Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան «Ալ-Դաֆրա» ավիաբազայից բալիստիկ հրթիռներով հարված էր հասցվել Իրանի Մինաբ քաղաքին, որի հետևանքով 175 մարդ էր զոհվել, մեծ մասը` աշակերտուհիներ։