Իրանը հարձակվել է Թել Ավիվում, Հայֆայում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ բազաների վրա

Իրանական հրթիռներ. Արխիվային լուսանկար
Իրանի զինված ուժերը հայտնել են, որ հարձակումները տեղի են ունեցել վերջին մի քանի ժամվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իրանի զինվորականները հարձակումներ են իրականացրել Հայֆայում, Թել Ավիվում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Այս մասին հայտնում է Իրանի զինված ուժերը։
«Հայֆայում, Թել Ավիվում գտնվող թիրախները և Քուվեյթում ամերիկյան-սիոնիստական թիրախները Իրանի ռազմաօդային ուժերի և անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման են ենթարկվել», - ասվում է Իրանի պետական ռադիոյի մեջբերված հայտարարության մեջ։
Իրանի զինված ուժերը հայտնել են, որ հարձակումները տեղի են ունեցել վերջին մի քանի ժամվա ընթացքում։
Իսրայելում գտնվող թիրախներից բացի, հարձակման են ենթարկվել նաև Քուվեյթի «Քեմփ Արիֆջան» ռազմաբազան և դրա զինամթերքի և սարքավորումների պահեստները, ինչպես նաև ՀՕՊ դիրքերը, հետախուզական կետերը և վրանային ճամբարները։
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել էր Քուվեյթի Ալ-Ադիրի շրջանում գտնվող ամերիկյան ուղղաթիռային բազայի վրա հարվածելու մասին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իսրայելը նաև հարվածներ է հասցնում Լիբանանին։