Իրանցիների դեմ քիմիական պատերազմ. Իրանի ԱԳՆ–ն` նավթամբարներին հարվածելու մասին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային. Արխիվային լուսանկար
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ վառելիքի պահեստների վրա հարձակումներից հետո օդ են արտանետվում վտանգավոր նյութեր, որոնք թունավորում են խաղաղ բնակչությանը և վնաս հասցնում շրջակա միջավայրին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իրանի նավթամբարներին հարվածներ հասցնելը հավասարազոր է իրանցիների դեմ քիմիական պատերազմի: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Հոսեյնին հայտնել էր Իրանում չորս նավթամբարների վրա հարձակումների մասին: Հարձակումներն իրականացրել են ԱՄՆ-ն և Իսրայելը:
«ԱՄՆ-ի և Իսրայելի հանցավոր պատերազմն Իրանի ժողովրդի դեմ թևակոխել է նոր` վտանգավոր փուլ՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին դիտավորյալ հարվածներով: Նավթամբարների վրա այս հարձակումները ոչ այլ ինչ են, քան նպատակաուղղված քիմիական պատերազմ Իրանի քաղաքացիների դեմ»,-գրել է Բաղային X սոցցանցում:
Նա հստակեցրել է, որ վառելիքի պահեստների վրա հարվածներից հետո օդ են արտանետվում վտանգավոր նյութեր, որոնք թունավորում են խաղաղ բնակչությանը, վնաս են հասցնում շրջակա միջավայրին և զանգվածային մասշտաբով վտանգում են մարդկանց կյանքը։ Նրա խոսքով՝ այս էկոլոգիական և հումանիտար աղետի հետևանքները Իրանի սահմաններում չեն մնա: Բաղային նաև հայտարարել է, որ հարվածները միաժամանակ ռազմական հանցագործություններ են, մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն։