Աստված պահպանի մեր մայրերին ու քույրերին. Վեհափառը շնորհավորել է Մարտի 8–ը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը . Արխիվային լուսանկար
Կաթողիկոսն ընդգծել է, որ այսօրվա անկայուն աշխարհում, երբ հայ ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8–ի առիթով։
Նա նշել է, որ այսօր ևս մի առիթ է մեծարելու կանանց, արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։
«Այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար»,–նշել է կաթողիկոսը։
Նա աղոթք է բարձրացրել առ Աստված, որ նա խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի հայ մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով շարունակեն նպաստել հայ ժողովրդի բարօրությանը։
Կանանց միջազգային օրն առաջին անգամ նշվեց 1911թ–ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվեց 1914թ–ին:
1977թ.–ին ՄԱԿ–ը Մարտի 8-ը հռչակեց «Կանանց միջազգային տոն»: ՀՀ անկախության հռչակումից հետո մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց «Մայրության ու գեղեցկության օր»: 2001թ–ին ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով Մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:
Հայաստանում ընդունված է նշել կանանց մեկամսյակ, որը ձգվում է մարտի 8–ից մինչև ապրիլի 7–ը, քանի որ ապրիլի 7–ը մեր երկրում մայրության և գեղեցկության օրն է։