ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ին կամ որևէ մեկին միջամտել իր ներքին գործերին, այդ թվում՝ նոր առաջնորդի ընտրության գործընթացին։ Այս մասին NBC հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ինքը պետք է ձայնի իրավունք ունենա Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացում։
«Մենք ոչ մեկի թույլ չենք տալիս միջամտել մեր ներքին գործերին։ Իր նոր առաջնորդին ընտրելը իրանցի ժողովրդի գործն է։ Նրանք արդեն ընտրել են Փորձագետների ասամբլեան, և Փորձագետների ասամբլեան կիրականացնի այդ աշխատանքը։ Սա միայն իրանցի ժողովրդի գործն է, ուրիշ ոչ մեկինը»,-հայտարարել է իրանցի նախարարը։
Արաղչին հայտնել է նաև, որ Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը տեղի կունենա մոտ ժամանակներս։
«Անցումային ղեկավարման խորհուրդն է հիմա իշխանության, և նրանք կատարում են իրենց գործառույթները առաջնորդի բացակայության պայմաններում, իսկ նոր գերագույն առաջնորդին շուտով կընտրի փորձագետների խորհուրդը»,-ասել է Արաղչին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: