Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ տնային կալանք է ընտրվել․ ինչի՞ համար է նա մեղադրվում

Պաշտպանի խոսքով՝ տարածված ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, քանի որ փորձաքննություն չի անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik․ Փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպաններից Լիանա Գասպարյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաստաբան Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրան ձերբակալել էին մի քրեական գործի շրջանակներում ցանկալի ցուցմունք կորզելու նպատակով վկաներից մեկի վրա ճնշում գործադրելու համար։ Գործը քննվում է Լոռու մարզում։ Ավելի ուշ ՀՀ հակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն հրապարակեց։ Ըստ կոմիտեի՝ դատաքննության ընթացքում փաստաբանը, նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ, համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից՝ նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով, սպանությանն ականատես վկային հարկադրել են հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն։ Ըստ հաղորդագրության՝ վկային տվել են քննությամբ դեռևս չպարզված չափի կաշառք, որից հետո վկան տվել է ակնհայտ սուտ ցուցմունք: Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել փաստաբանի և ևս երկու անձի նկատմամբ։
«Տարածված ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է, քանի որ փորձաքննություն չի անցել, չկա փորձագետի եզրակացություն, թե արդյոք ովքեր են խոսում, արդյոք իրական է ձայնագրությունը, թե ստեղծված է արհեստական բանականությամբ և այլն։ Կարող եմ հստակ ասել՝ մեղադրանքը Ռուբեն Հակոբյանի հետ կապ չունի»,- նշեց փաստաբան Լիանա Գասպարյանը։
Նա հավելեց, որ գործընկերոջ իրավական պաշտպանությունը ստանձնել են մեծ թվով փաստաբաններ։
Հավելենք, որ Ռուբեն Հակոբյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբաններից է։